Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն: Ինչպես և սպասվում էր, Սարգսյանն ընտրվեց առաջին փուլով: ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ էր ևս 14 ձայն: Այս հարցում կոալիցիային օգնության հասան ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները: Եթե «Ծառուկյան» դաշինքը չսատարեր ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին, ապա Սահմանադրությունը նախատեսում է նաև ընտրության երկրորդ և երրորդ փուլեր, որի ժամանակ արդեն ՀՀԿ-ն Դաշնակցության հետ ունեցած ձայներով անարգել կընտրեր նախագահի իր թեկնածուին: Մասնավորապես՝ երկրորդ փուլով անհրաժեշտ կլիներ ընդամենը 63 պատգամավորի ձայն, երրորդ փուլում՝ ավելի պակաս՝ 53 ձայն։ Ուշագրավ է այն, որ «Ելք» խմբակցության 9 պատգամավորից 2-ը չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին, մինչդեռ Արմեն Սարգսյանը ստացել է 10 դեմ քվե։ Թե ովքեր էին դեմ քվեարկած երկու պատգամավորները՝ դժվար երբևէ պարզ դառնա: Սակայն նրանց առկայությունն արդեն իսկ հետաքրքիր երանգ է հաղորդում ներքաղաքական զարգացումներին: ՀՀ նորընտիր նախագահն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում։ Այդ նույն օրը կդադարեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա:
 
Նախատեսվում է, որ Արմեն Սարգսյանը կդառնա Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ: Միևնույն ժամանակ, Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե՛ իշխանությունների, և թե՛ ընդդիմության համար: Այս իմաստով՝ Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալու ազգային համաձայնության գաղափարի կրող:
 
Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում՝ թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ՝ օգտագործելով իր միջազգային կապերը: Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով՝ Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին, սակայն այս պահին վերջինիս հանդեպ ունի էական առավելություն: Եվ սա կարելի է համարել մեկնարկային առավելություն, որով Սարգսյանը մտնում է համակարգ: Թե որն է լինելու նրա տեղն ու դերը այդ համակարգում, և արդյո՞ք Սարգսյանը գիտակցում է այն՝ բարդ է ասել: Սակայն պարզից էլ պարզ է, որ Սարգսյանը միայնակ ի վիճակի չէ պայքարել իրեն առաջադրած քաղաքական ուժի առաջացրած գաղջի դեմ...
 
Ստելլա Խաչատրյան