Քիչ առաջ գյումրեցի ատամնաբույժները Շիրակի մարզպետարանի դիմաց բողողքի ակցիա էին իրականացնում: Պատճառը էլեկտրոնային առողջապահական համակարգին անցնելն է: Մասնագետները հրաժարվում են միանալ այս համակարգին: 
 
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ատամնաբույժ Սերգեյ Սերոբյանը նշեց, որ մասնագետները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին բողոքի նամակ են հանձնել. «Մենք նամակ են տվել իրենց, ներկայացրել ենք այն կետերը, որոնց հետ համաձայն չենք: Մենք որոշակի անհամաձայնություններ ունենք համակարգի հետ կապված և խնդրել ենք մեր նամակը հանձնել Կառավարությանը»,- փոխանցեց ատամնաբույժը:
 
Նշենք, որ երեկ՝ մարտի 4-ին, Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում, տեղի է ունեցել Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժների արտահերթ հավաք, որի նպատակը կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշմամբ անորոշությունների քննարկումն էր:
 
Շիրակի մարզի ատամնաբույժներն իրենց դժգոհություններն են ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը լուրջ խնդիրներ է առաջացնում: Դրանցից գլխավորն, ըստ նրանց, մարդու անձնական տվյալները հրապարակային դառնալու վտանգն է: Ցանկացած բժիշկ իր ID քարտով կարող է մտնել համակարգ և բժիշկների, և հաճախորդների մասին իմանալ ամեն ինչ, ինչը ցանկալի չէ թե՛ հիվանդի, թե՛ մասնագետի համար:
 
Ատամնաբույժների կարծիքով՝ պարտադրվում է անհիմն հավելյալ ժամանակ ծախսել համակարգի սպասարկման վրա, ավելին՝ անորոշ է համակարգ ներմուծվող տեղեկատվության կարգն ու պայմանները և դրա իրավաչափությունը: Նրանց խոսքով՝ կարելի է ենթադրել, որ այսուհետ բժիշկները բավական ժամանակ են տրամադրելու տվյալների մշակման կամ դրա վերահսկողության վրա, որն էլ իր հերթին ազդելու է առողջապահության որակի վրա:
 
Ըստ մասնագետների՝ պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլն), որն, անխոս, անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Նրանց կարծիքով, նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես Առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով:
 
Ահա այսպիսի և մի շարք այլ փաստարկներ են ներկայացնում գյումրեցի ատամնաբույժները:
 
Սոնա Հարությունյան