Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն՝ դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է: 

 «Պարո՛ն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են, եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,-փոխնախարարին ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ նախարարությունն առաջարկում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: