Անընդհատ աշխատանքային պրոցեսում գտնվող ատամնաբույժն ուղղակի չի կարող ամեն վայրկյան նստել համակարգչի մոտ և մուտքագրումներ կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

 

«Մենք բարձրացրել ենք հարց, որ փորձենք խուսափել հաճախումների մուտքագրումներից»,- ասաց նա:

Գլխավոր ստոմատոլոգի կարծիքով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործածմանը կհետևեն ստոմատոլոգիական ծառայությունների թանկացումները. «Թանկացում կլինի և կտուժեն լիցենզավորված կլինիկաները: Բայց մենք ունենք նաև չլիցենզավորված կլինիկաներ, որոնք ուղղակի աշխատում են ստվերում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր փոփոխություն ազդում է միայն օրինական դաշտում աշխատող կլինիկաների վրա:

Էլեկտրոնային առողջապահական համակարգով ստեղծվում է մեկ միասնական համակարգ, որտեղ տեսանելի են լինելու հիվանդների և բժիշկների տվյալները:

«Երբեմն հիվանդներն ասում են, որ իրենք առողջ են, ինչը միջամտության ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել: Պետք  է նշեմ, որ ունենալով այս համակարգի հնարավորությունը, բժիշկը կարող է մուտք գործել և ավելի մանրամասնորեն տեղեկանալ նրա առողջական վիճակի  մասին»,- ասաց Եսայանը՝ նկատելով, որ այս դեպքում էլ, սակայն, առաջանում է անհատական տվյալների պաշտպանության խնդիրը, քանի որ ցանկացած մարդ, ով մուտք է գործում այդ համակարգ, կարող է տեղեկանալ բոլորի անհատական տվյալներին:

Նշենք, որ օրեր առաջ գյումրեցի ատամնաբույժները ևս բողոքի ակցիա էին իրականացնում՝ հրաժարվելով միանալ էլեկտրոնային առողջապահական համակարգին:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը: Այս որոշմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարության աշխատակազմը՝ լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, ինչպես նաեւ դեղատնային գործունեություն իրականացնող անձանց ուղարկել է գրություն կից ժամանակացույցով՝ նշելով էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման նվազագույն պահանջների ապահովման վերջնաժամկետները: