Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողներին հավատացնում էր, որ նախքան խայտառակ օրենքը շրջանառության մեջ դնելը իրենք ունեցել են քննարկումների լայն շղթա։ 

«Մարտի մեկից սկսեց աշխատել Կառավարության որոշումը, որով պահանջ դրվեց դեղերը դուրս գրել դեղատոմսով։ Մենք ունեինք մտավախություններ, որոնք ընթացքում հաստատվեցին, և նախապատրաստվեց Կառավարության որոշման նախագիծը»-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ երեկվանից իրենց փորձում են պարզել, թե ով է դեղատան դիմաց դեղատոմս գրել, փորձում են հասկանալ՝ որ դեղատանն է դա արձանագրվել՝ ընգծելով, որ վարչապետի հանձնարարականի հետևից իրենք գնում են։

 

Խոսելով մարտի մեկից ուժի մեջ մտած և մեկ շաբաթ անց մասնակի կասեցված օրենքի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք բացահայտեցին խնդիրներ նաև դեղատներում։ «Այդ տեխնիկական խնդիրների պատճառով մասնակի է կասեցվել և այժմ 1100-ից ավելի դեղեր առանց դեղատոմսի վաճառվում են, դրանց մեջ մտնում են ամենատաբեր ազդեցության դեղեր՝ որոնցից են գլացավի, ջերիջեցնող, փորացավի կանխարգելման դեղերը»։

Փոխնախարարը ընդգծեց, որ երբևիցե դեղատոմսերով դեղերը բաց թողնելու գործընթացը առողջապահության նախարարության ուշադրության տիրույթից դուրս չի եղել, և մոնիթորինգ է իրականացվել և իրականացվում։

Հարցին՝ հնարավոր չէ՞ր արդյոք մոնիթորինգի արդյունքներ ունենալ, բացահայտել խոչընդոտները, նոր նման որոշման նախագիծ ներկայացնել Կառավարության հաստատմանը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց․ «Հավատացեք, որ արել ենք, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ պոլիկլինիկաների, բուժաշխատողների հետ, եթե դա արած չլինեինք՝ դեղատոմսերի այդ ձևաչափերը նրանք չէին ունենա։ Մենք պետք է ընդունենք մեր թերությունները, որոնցից մեկն էլ այն էր, որ այն տեղեկատվությունը, որը տվել ենք բուժհաստատություներին, պետք էր նախ թիրախավորել»։ 

Աղավնի Սուքիասյան