Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ վերջին օրերի դեպքերը ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը։ Չնայած նրան, որ լրագրողական համայնքն արտահայտեց իր բողոքի ձայնը և պահանջեց գործել օրենքի տառին և ոգուն համապատասխան՝ Տարոն Մարգարյանը, կարծես թե, «դեմն առնելու» հարցում չի պատրաստվում ընկրկել: Քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն։ Այս տրամաբանությամբ կարելի է նաեւ մարդ սպանել ու պատճառաբանել, թե դա արվել է՝ նրան կյանքի հետագա դժվարություններից զերծ պահելու համար։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպից ու այն բանից հետո, երբ ավագանու ՀՀԿ-ական անդամ տղամարդիկ բռնություն էին գործադրել «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց նկատմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստացնել քաղաքապետարան մուտք գործելու կարգը:

Դրանից հետո քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը խոչընդոտել էր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և նրա հրավերով քաղաքապետարան գնացած լրագրողների աշխատանքը: Լրագրողներին արգելվել էր Փոստանջյանի հետ շրջայց կատարել քաղաքապետարանի շենքում: Ոստիկանների միջամտությամբ լրագրողները դուրս էին հանվել քաղաքապետարանի շենքից: Այնուհետև քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ հանձնարարել էր Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Մեր և՛ պետական, և՛ տեղական ինքնակառավարման մարմիններում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն կարող հասարակության կողմից դրական ընկալվել, և, բնականաբար, բացասաբար են ազդում այդ կառույցների վարկանիշի վրա: Որպեսզի այդ երևույթները հնարավորինս հասանելի չլինեն լրատվամիջոցների համար, չտարածվեն հասարակության շրջանում, տարբեր տեսակի սահմանափակումներ են դրվում այնտեղ լրագրողների ներկայության համար: Իհարկե, Տարոն Մարգարյանը կարող է հայտարարել, որ լրագրողներին և հանրությանը չեն խոչընդոտում նիստին հետևել օնլայն ռեժիմով: Պարզ է, թե ինչն է այդ ամենի իմաստը՝ անհրաժեշտ պահին անջատել նիստերի հեռարձակումը, ու քանի որ դահլիճում չի լինի լրագրող, հանրությունը չի ունենա կադրեր, թե ինչ է կատարվում այնտեղ:

Ստելլա Խաչատրյան