Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի նորընտիր Նախագահ,

Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։

Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ՝ Ձեր երկրի կառույցներին Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության մեջ։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր նոր գործառույթների իրականացման հարցում»:

Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ստեֆան Փաունդը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) նախագահ Ֆրեդրիկ Վիլլեմ դե Կլերկը։