Մարտի 11-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ կանցկացվեն ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում: Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ : Առաջադրված թեկնածուների շարքում գերակշռում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Հատուկենտ համայնքներում առաջադրվել են անկուսակցական կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ: Ընդիմությունը, որը վերջին շրջանում այդքան հաճախ է խոսում իշխանափոխության անհրաժեշտության և կարևորության մասին այս անգամ էլ չի ցանկացնել ֆինանս և ուժ-եռանդ վատնել ավագանու ընտրություններում մեկ-երկու լծակ ավել ունենալու համար:

 

Այն, որ ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների մի զգալի մասի չմասնակցելը կամ պասիվ ներկայությունը հայրենի քաղաքական դաշտի, թե կուզեք՝ համակարգի լուրջ խնդիրներից մեկն է, նորություն չէ: Ավելին՝ դա բազմիցս ու ամենատարբեր կողմերից արծարծված, կարելի է ասել՝ ծեծված խնդիր է: Բայց խնդրի «ծեծվածության» աստիճանից անկախ, այն շարունակում է մնալ ասպարեզում: Այնպես չէ, իհարկե, որ մինչեւ հիմա կուսակցություններն իրար հերթ չէին տալիս ընտրահանձնաժողովների մոտ՝ գրանցման փաստաթղթերը ներկայացնելիս կամ թեկնածուներին առաջադրելիս: Սակայն այժմյան պասիվությունը աչքի է զարնում: Դա առիթ է տալիս ենթադրելու, որ կուսակցություններից շատերը պարզապես դեռ ուշքի չեն եկել ԱԺ ընտրություններից, որոնց արդյունքները նրանց մի մասի համար խորը նոկդաունի վիճակին էին համարժեք, թերեւս: Իսկ գուցե նրանք էլ են «տեղերում աշխատում»: Բայց գոնե մի երկու խոսքով ասեին դրա մասին: Թեպետ այս՝ տեղերում աշխատելու պահն էլ է հետաքրքիր, քանզի հարցի առիթ է տալիս, թե՝ մինչեւ հիմա՞ ինչով էին զբաղված:

Ամեն պարագայում, ՏԻՄ ընտրություններն այն լակմուսի թուղթն են, որոնք հուշում են, թե ինչ վիճակում են քաղաքական ուժերը, որքանով նրանք կան տեղերում եւ որքանով են կենսունակ: Այս պասիվությունը, հատկապես լիարժեք խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու պարագայում իրոք պետք է մտահոգիչ լինի: Ի վերջո, խորհրդարանական կառավարման մոդելն ու դրա արդյունավետությունն ուղղակիորեն կապված են քաղաքական համակարգի, քաղաքական ուժերի կայացածության եւ ակտիվ գործունեության հետ: Իսկ որտե՞ղ պիտի երեւա այդ կայացածությունը, եթե ոչ նախ՝ ՏԻՄ ընտրություններում: Առայժմ երեւում են միայն ՀՀԿ-ի տիրապետող ակտիվությունը : Ի լրումն ամենի, քաղաքական ուժերի նման պասիվությունը թուլացնում է նաեւ մրցակցությունը: Իսկ ինչ ակնկալել, եթե ՏԻՄ ընտրություններում լուրջ քաղաքական մրցակցություն չկա:

 

 

Ստելլա Խաչատրյան