ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նյութերի համաձայն' փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ' ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: