Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ունենալու ենք մի երկիր, ուր գործարարությամբ զբաղվելը լինելու է դյուրին, շահավետ ու տրամաբանական:

Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Բեյրութում Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Lիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության և Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Եթե որոշում կայացնեք Հայաստանում ներդրում կատարել, ի դեմս կառավարության և այլ օղակների, կունենաք գործընկերներ»,-վստահեցրեց գործադիրի ղեկավարը: Պաշտոնյան ներկայացրեց արտաքին շուկաների հետ տնտեսական կապեր հաստատելու Հայաստանի հնարավորությունները` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցությունը, GSP+ և GSP առևտրի արտոնյալ ռեժիմը Եվրամիության և արևմտյան մի շարք երկրների հետ, Իրանի հետ հարաբերությունները: «Որպես նախկին բիզնեսմեն՝ ուզում եմ ձեզ հավատացնել, որ ավելի տրամաբանական երկիր, որտեղ կարելի է բիզնեսով զբաղվել այդ շուկաներ մտնելու համար, շատ չգիտեմ: Այսօրվա մեր կառավարությունը որդեգրել է բիզնեսին չխանգարելու գործառույթը: Մենք վստահ ենք, որ ունենալու ենք մի երկիր, ուր բիզնեսով զբաղվելը լինելու է դյուրին, շահավետ ու տրամաբանական»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ ներկայում ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որով փորձ է արվում մեկ տեղում հավաքել ոլորտը կարգավորող ու պաշտպանող օրենսդրական դրույթները:

Բացի այդ՝ մոտ ժամանակներս Ազգային ժողովի հաստատմանը կներկայացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին օրենքը: «Մենք պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքով խոշոր ծրագրեր ունենք` ուղղված ճանապարհների, ենթակառուցվածքների, ջրամբարների շինարարությանը: Պետությունը, որպես կառավարիչ, այն ոլորտներում, որտեղ բիզնես-շահեր կան, արդյունավետ չի գործում, դրանից ելնելով այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը»,-ավելացրեց վարչապետ Կարապետյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը`Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանը աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա թերագնահատված է, ինչը պետք է շտկել: «Անցյալ տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ, մոտ 19 տոկոս տուրիզմի աճ: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր»,-ավելացրեց պաշտոնյան:

Կարեն Կարապետյանը կարևորեց միջազգային վարկանիշային համակարգերում Հայաստանի գրանցած առաջընթացը` նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվում երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը: