2016 թվականին, երբ Պաշտպանության նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումների համատեքստում նոր նշանակումներ կատարեց և, այսպես ասած, երիտասարդներով սկսեց համալրել պաշտպանական ոլորտը՝ նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին նշանակեց, փոխնախարարների աթոռները վստահեց Արտակ Զաքարյանին և Արտակ Դավթյանին՝ այդ նշանակումների ընդհանուր գաղափարն այն էր, որ թարմ մտքերով երիտասարդները կկարողանան ոլորտը բարեփոխել և դրականորեն փոխել հասարակության վերաբերմունքը բանակի և սպայի հանդեպ:

Սակայն, ինչպես երեւում է՝ Սարգսյանն իր այս որոշմամբ վրիպել է: Բանն այն է, որ պալատական խլրտոցն այնքան է մեծացել, որ հասնում է մամուլին, անգամ բաժանված թևերով իբրև փորձագետներ կամ ստատուսագիրներ՝ փոխհրաձգություն են սկսում:

 

Այսպես, այս օրերին ականատես ենք լինում նախարարի թողտվությամբ և թույլտվությամբ բանակին ուղղված բարեգործությունների տեմպի աճին: Մի քանի լվացքի մեքենա կամ տուֆ քարի նվիրատվությունը բանակին՝ բավական է, որ ընտրված մի որոշ խումբ, իբրև բանակի կողքին կանգնած հանրույթ, հանդես գա և հոխորտա, թե տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչ ենք անում բանակի համար, իսկ դո՞ւք:

Այս բարեգործությունները, որի հիմքը դրեց Վիգեն Սարգսյանը՝ զինվորի բուժման համար գումար հանգանակելու միջոցով, բավականին շատ քննադատվեց, ինչին հաջորդեց փոխնախարար Արտակ Զաքարյանի հարցազրույցը, որտեղ ասում էր. «Պետք չէ ֆետիշացնել բանակին աջակցությունը. այն,  ինչ անհրաժեշտ է զինված ուժերին, պլանավորվում եւ իրականացվում է, մնացած հարակից աջակցությունները՝ անձնական, հասարակական, ողջունելի են, բայց ֆետիշացնելու անհրաժեշտություն չկա»: Փաստորեն, Արտակ Զաքարյանը, ով քիչ թե շատ տեղյակ է բանակից և բանակում տիրող խնդիրներից (հաշվի առնելով իր՝ 1996-1998թթ. զինված ուժերում որպես ՊԲ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, ուսումնական գումարտակի հրամանատար, պահեստազորի սպա լինելու փաստը), ինչը բացակայում է նախարարի դեպքում, համաձայն չէ այդ բարեգործությունների հետ և պատրաստ է անգամ իր դժգոհությունը բարձրաձայն արտահայտել:

Այս հարցազրույցը բացահայտեց, որ ՊՆ-ում տարբեր թևերի բաժանված համակարգ է ստեղծվել, ինչը Սերժ Սարգսյանի պլանների մեջ չէր մտնում, երբ թիմային աշխատելու համար նրանց ուղարկում էր այդ գերատեսչություն: