ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վստահություն հայտնելով, որ Անգելա Մերկելի անցած հարուստ պետական և քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում ԳԴՀ ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հանրապետության Նախագահը Կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Անգելա Մերկելի նոր պաշտոնավարման ընթացքում ևս հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: 

«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված հարաբերությունները:

Մեր երկիրն այս տարի թևակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Բարձր եմ գնահատում նաև գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»,-ասված է ԳԴՀ Կանցլերին ուղղված Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

Ուղերձում Նախագահն անդրադարձել է նաև միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գերմանիայի «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջև երկկողմ ձևաչափով և Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: