Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.03.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արփինե Դավոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ին Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել հանրահավաք անցկացնելու մասին, որից, ի դեպ, տեղյակ չեն «Ելք»-ի մյուս անդամները: 

 

Հանրահավաքի մանրամասները ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ: Վերջինս նշեց, որ այդ թեմայի շուրջ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են. «Մենք ոչ մի բան չենք ասել, բոլորը ենթադրություններ են: Քանի դեռ քննարկումներն ընթանում են կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել»,- նշեց նա: 

Անդրադառնալով armtimes.com-ի այդ մասին իրազեկող հրապարակմանը, Միրզոյանը ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի և վստահ չէ, որ «Հայկական ժամանակ»-ի ինֆրմացիան ճիշտ է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացրել իրազեկման հայտարարություն, որը «Ելք»-ի հետ կապ չունի. «Մենք նույնիսկ տեղյակ չենք եղել, այդ հայտարարության մասին տեղեկացել ենք քաղաքապետարանի կայքից: Այդ մասով քննարկում չենք ունեցել, դրա համար որևէ բան ասել չեմ կարող: Միայն կասեմ, որ Ելք-ը միասնական հանրահավաք անելու որևէ որոշում չունի»

«Ելք»-ի մամուլի խոսնակ Գևորգ Ավինյանն էլ նշեց, որ այս փուլում այդ իրադարձությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել. «Այդ իրազեկումները տրվել են նախօրոք: Քանի դեռ հստակ որոշում չունենք, հստակ օր չեմ կարող ասել, թե որ օրն ինչ է տեղի ունենալու»,- ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, թե Անի Սամսոնյանն էլ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է իրազեկման հայտարարություն տարածել, Ավինյանը շատ կարժ պատասխանեց. «Ճիշտ է նշել Անի Սամսոնյանը»:

Նշենք, որ վերջին շրջանում «Ելք» դաշինքում քննարկվում է «Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքար սկսելու ճանապարհային քարտեզը»: Նախնական տեղեկություններով՝ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, որին, ի դեպ, կտրուկ դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

 

Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում է իր որոշման մասին՝ գնալ Ազատության հրապարակ: Եվ սա այն դեպքում, երբ նախօրեին «Ելք» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով հնարավոր չէր եղել փողոցային պայքարի հարցում կոնսենսուսի հանգել: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերջնական որոշման կգան առաջիկա երկու օրվա ընթացքում:

Նկատենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հրապարակում քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպմանը հայտարարել էր՝ եթե «Ելք»-ը չկայացնի իր որոշումը՝ ամեն ուժ արդեն կգործի իր առանձին որոշման համաձայն:

Համենայն դեպս, այդ դաշինքի անդամներից մեզ չհաջողվեց լիարժեք պատասխան ստանալ՝ ի վերջո՝ հանրահավաքը կայանալո՞ւ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով և ովքե՞ր են պատրաստակամություն հայտնել մասնակցության: Սա խոսում է մի բանի մասին, որ Ելք-ում 5 հոգով 6 երգ են երգում և դեռևս հստակեցված չեն պայքարի ուղիները: Բացի այդ, ոչ միայն «Ելք»-ի, նաև ՔՊ-ի անդամները միմյանցից անտեղյակ են: