Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դատապարտող հայտարարության մասին SHANTNEWS-ն արդեն հայտնել է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը «Աբովյան» ՔԿՀ-ում զրուցել էր և ծաղրի առարկա դարձրել ազատազրկված կանանց, որից հետո տեսանյութը համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս դատապարտել էր՝ անթույլատրելի համարելով նման վարքագիծը և նշել, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

Թեև հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, որ դժգոհության առիթ տված տեսանյութը հանվել է հեռուստաընկերության կայքից ու յութուբյան ալիքից, բայց դրա շուրջ համացանցային բուռն քննարկումները չեն դադարում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային արժանապատիվ տեղեկատվության համար օրենսդրությամբ պատասխանատու լրատվամիջոցի մասին:

«Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն»:

Սա մեջբերում էր հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածից: Ավելի պարզ ասած, հանրային հեռուստաընկերությունը ստեղծված է՝ բավարարելու հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջերը:

Հիմա հարց: Ի՞նչ ժանրի, ու ի՞նչ տեսակի հաղորդում էր հանրայինի՝ աղմուկ հանած տեսանյութը կանանց քրեակատարողական հիմնարկի մասին ու ամենակարևորը՝ հանրության ո՞ր շերտի ու ի՞նչ կարիքներ էր այն բավարարելու:

Իհարկե, այս ամենը  հրճվանքով ընդունողներ էլ կան, իսկ  հասարակության շատ ավելի մեծ ու գիտակից շերտի համար դժվար էր չափել, թե ցինիզմի աստիճանը  որ դրվագում  էր ավելի շատ՝  երբ կալանավոր կանանց  հարց էր ուղղվում տղամարդկանց  համակրելի տեսակների մասի՞ն,  թե՞  տեղի  աշխատողներից ովքեր էին համապատասխանում այդ տեսակին,  կամ  գուցե  երբ  կարծիք էին հարցնում   նկարահանող  խմբի տղաներից մեկի  վերաբերյալ:  Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հարցազրույցի հարցերին էր վերաբերում, այլև դրա անցկացման վայրի ընտրությանը: Կալանավայրերում հայտնվելու և շատ ավելի  լուրջ   խնդիրների վերաբերյալ  նյութեր պատրաստելու  համար հանրայինից բացի մյուս բոլոր լրատվամիջոցները սովորաբար պետք է շաբաթներով ու ամիսներով  տարբեր տրամաչափի պաշտոնյաների  դռներ թակեն:

Հեռուստաընկերության արտոնյալի այս կարգավիճակը միայն այս հարցում և միայն «Լավ երեկոյի» այս թողարկմամբ չի ընդգծվում:

Տարբեր օգտատերերի կողմից այս հաղորդմանը բնորոշած ցինիզմը գալիս է նախևառաջ ֆինանսական գերարտոնյալ վիճակից: Հարկատուների գումարներից ձևավորվող պետական բյուջեից ամեն տարի առանձին տողով հատկացում է արվում  հեռուստաընկերության կարիքների համար, ու արդյունքում հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝  շուկայում աշխատած գումարները միասին վերցված:  

Այդ բյուջեն միայն հեռուստահաղորդումների մասով գերազանցում է  6 միլիարդ դրամը: Գումարը, որը հանրային գործառույթների համար է, և որի ծախսերի վերաբերյալ Ազգային ժողովում միշտ աղմկոտ հաշվետվություններ են ներկայացնել,  օգտագործվում է անտրամաբանական շռայլությամբ:

Հ1-ն ի սկզբանէ ֆինանսական անմրցակցելի նիշի վրա գտնվելով՝ հանգիստ կարող է իրեն թույլ տալ՝ մրցակցել մասնավոր հեռուստաընկերությունների հետ՝ չպահելով առողջ մրցակցության՝ օրենքով ամրագրված կանոններն անգամ: Ֆինանսական ցանկացած շռայլության պատրաստ լինելով՝ շատ հանգիստ արվում են քայլեր, որ կործանարար ազդեցություն են ունենում աշխատավարձերի օրգանական ձևավորման ու աշխատաշուկայի բնականոն զարգացման վրա:  

Արդյունքում խաթարվում է թե հեռուստատեսային արտադրանքի գնագոյացման,  թե ծախսերի ամբողջ շղթան, և հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ:  Հակամրցակցային այս դրսևորումները սովորաբար անտեսվում են ոլորտի պատասխանատու համապատասխան կառույցների կողմից:

Անժխտելի փաստ է մնում այն, որ հայաստանյան տնտեսությունում  հեռուստատեսությունից   բացի  չկա որևէ այլ ոլորտ, որտեղ  արտադրողների ծախսերն ամբողջությամբ հոգա պետությունը հարկատուների գումարներից, ու այդ ընկերությունը  մրցակցի մասնավորի հետ:  Այն մասնավորների, որոնց վճարած հարկերից գոյանում է այն 6 մլրդը, որով տվյալ մասնավորների հետ մրցակցող Հ1-ը պարզապես քայքայում է վերջիններիս:

Այսինքն, «Լավ երեկո»-ի մի խայտառակությունն ու դրա շուրջ ծավալված լայն քննարկումը հետևանք են միայն, իսկ հետևանքներ միշտ լինում են, քանի դեռ առկա են պատճառները: