Տավուշի մարզի խոշորացված Կողբ համայքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ որոշ մարդիկ իր դեմ դավեր են նյութում, որի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ Կողբին միացած Զորականի բնակիչները որոշել են բողոքի ակցիա անել և փակել Երևան—Թբիլիսի միջպետական ճանապարհը․ «1000 բնակիչ ունեցող Զորական համայնքից 50-60 մարդ որոշել են փակել ճանապարը և դա կատարվում է որոշ մարդկանց ցուցումներով։ Այս պահին չեմ ցանկանում չակերտներ բացել, բաց այն, որ իմ դեմ աշխատանք է տարվում՝ փաստ է»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Աղաբաբյանը։

Վերջինս հերքեց զորականցիների պնդումը, թե Կողբին միանալուց հետո Զորականի համայնքային բյուջեն կրկնապատիկ նվազել է․ «Չկա նման բան, Զորականի բյուջեն եղել է 17 մլն դրամ, հիմա կազմում է 15 մլն։ Բայց հաշվի պետք է հառնել, որ 2018 թվականի համար արդեն մշակված է 20 մլն դրամ արժեցող ջրագծի անցկացում, որի 40 տոկոսը ֆինանսավորելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարությունը։ 3 մլն դրամով էլ կապահովենք գիշերային լուսավորություն։ Այնպես որ, նրանք պետք է բողոքեն ոչ թե բյուջեից, այլ իրենց վարչական շրջանի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանից, ով ոչ մի բան չի անում, բայց աշխատավարձ է ստանում»։

 

Աղաբաբյանի խոսքով՝ Մարտիրոսյանն անգործության է մատնված, ինչն էլ կարող է դառնալ զորականցիների բողոքի պատճառ։ 

Կողբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այս պահին Զորական են շտապում Տարածքային կառավարման և զարգացման փոխանախարար Վաչե Տերտերյանը և այլ պաշտոնյաներ՝ միջպետական ճանապարհի փակումը թույլ չտալու համար։ 

Աղավնի Սուքիասյան