ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար և ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձևավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ամալյա Եղոյանը նշել է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում, Հայաստանի փորձը բերել Արցախ, կրթություն - բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն կարող են փաստել, որ առաջին քայլերը շատ հաջող են:

Այցի ընթացքում նախատեսվում է փոխնախարարի այցը նաև Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նա հանդիպումներ կունենա ոլորտի մասնագետների հետ։