«Արդյոք ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը վերջնականապես կորոշի՞ հրաժարական տալ, չեմ կարող ասել, բայց որ հրաժարական տա՝ հաստատ մի բան սովորած կգնա գյուղնախարարությունից՝ հաստատ է»,-ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հրաժարականն այս պահին կլինի ճիշտ, ասաց ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: 

Բերբերյանն անբավարար գնահատեց նախարարի աշխատանքը՝ ընդգծելով, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ գործ ունեինք ոչ մասնագետի հետ․ «Պոլիտեխնիկից հետո, կարծում եմ՝ բավականին բան սովորեց։ Ես նրա հետ առաջին մեկ ամիսն եմ շփվել, այդ շփումից ես հիասթափվեցի և դադարեցի որևէ հարցով նախարարի հետ համագործակցել։ Կարծում եմ՝ մեզ պետք է բանիմաց մարդ, որի հետ կարելի է հաճույքով աշխատել»։ 

 

Հիշեցնենք, որ Առաքելյանի հրաժարականի մասին մամուլն այսօր գրել էր: Լուրը շտապել էր հերքել նախարարի մամուլի խոսնակը:

Նշենք նաև, որ սա արդեն փորձված պրակտիկա է, երբ մամուլի խոսնակը հերքում է ղեկավարի հրաժարականի մասին տեղեկությունը և չնայած դրան, հրաժարականի դիմումը հայտնվում է Կառավարության ղեկավարի սեղանին։ Ասվածի ամենաթարմ օրինակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի պատմությունն էր։