Այս տարի ևս ոռոգման ջրի սակավության խնդիր է լինելու և, ինչպես նշում են բնապահպանները, նաև անապատացում։ Շարքային գյուղացու համար սա նորություն չէ՝ հենց գյուղացիներն էին պատկան մարմիններին ահազանգում, որ վերջիններիս անգործության հետևանքը  այսպիսինն է լինելու: Սակայն փոխարենը ժամանակին սեփական պարտականությունները կատարեին, այսօր Ջրպետկոմը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը կարգին պատճառաբանում են գտել՝ արդարացնելու սեփական անպետքությունը:
 
Պարզվում է՝ այս տարի գյուղացին կարող է կորցնել իր բերքի կեսը այն պարզ պատճառով, որ բնությունը բարեգութ չի գտնվել և առատ ձյուն չի պարգևել հայոց աշխարհին: Մի բան գիտեր նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, երբ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան: Չաղոթեցին՝ հիմա էլ պատժվում են: Ի՞նչ կարող են անել Ջրպետկոմը կամ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, չէ՞ որ Աստծո գործերն անքննելի են:
 
Իրականում մեղավորները բոլորին էլ քաջ հայտնի են, դրանք այն մի քանի պաշտոնյաներն են, որոնց մասնավոր ՀԷԿ-ի կարիքները պետության համար շատ ավելի առաջնային են, քան շարքային գյուղացունը: Չէ որ ողջ համակարգը սպասարկում են հենց այս մանր ու միջին ֆեոդալները, համակարգն էլ հատուցում է սեփականության անձեռնմխելիությունը ապահովելով: Զավեշտալի կլիներ, եթե Արսեն Հարությունյանը կամ Վահան Դավթյանը ասուլիսի ժամանակ հստակ մեղավորների անուններ հնչեցնեին և ասեին՝ «գյուղացի ջան, ջուր չունես, քանի որ X-ի ՀԷԿ-ը քեզ հասանելիք ողջ ջուրը քամում, տանում է»: Համաձայնեք՝ մի պահ կկասկածեինք անգամ, որ Հայաստանում ենք: Բայց պատկան մարմիններին նպատակահարմար է մեղադրել բնությանը, դա ավելի անշառ է, ՀԷԿ-ի տերերի հետ էլ չեն թարսվի: Բայց դա չի նշանակում, թե կարելի է գյուղացու աչքը թոզ փչել, և բոլորն էլ գիտեն, որ կան արտոնյալ ՀԷԿ-եր և դրանց համար մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում, որպեսզի էներգիա ստանան։ Պատկերավոր ասած, նույն կաթսայից օգտվում է ե՛ւ ՀԷԿ-֊ը, ե՛ւ ջրանցքը։ Եթե ոռոգման ջուրը քիչ են տալիս, ՀԷԿ-֊ը հոսանք շատ է արտադրում, եթե ոռոգման ջուր շատ են տալիս, ՀԷԿ-ը հոսանք քիչ է օգտագործում։ Այստեղ առաջանում է շահերի բախում, իսկ պատկան մարմինները, ինչպես երևում է, նախընտրում են պաշտպանել մեծ պաշտոնյաների փոքր ՀԷԿ-ի շահերը…
 
 
Ստելլա Խաչատրյան