Դեռևս փետրվար ամսին «Չումբո նախաձեռնող խումբ»-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ փետրվարի 15-ին, «Չումբո նախաձեռնող խմբի»-ի նախագահ Սմբատ Հակոբյանը հանդիպել էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և փոխնախարար Մանուկ Մկրտչյանին, որի ընթացքում իբրև թե որոշվել է կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը վստահել այս կազմակերպությանը:

Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ՝ «երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվել էր ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների մեր տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին»՝ Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ»:

 

Նշվում էր նաև, որ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շատ բարձր է գնահատել Սմբատ Հակոբյանի իրականացրած բոլոր նախաձեռնություններն ու ապագա կազմակերպվելիք խոշոր ծրագրերը, նաև նախարար Մկրտչյանը իր և նախարարության անունից հայտնել էր պատրաստակամություն «Չումբո նախաձեռնող խմբի» կողմից կազմակերպված հայանպաստ ծրագրերը հովանավորելու և աջակցելու նախաձեռնությունների իրականացմանը:

Այս փաստը, սակայն, մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, ինչն էլ բուռն քննարկումների առիթ տվեց: Սրան հետևեց լրատվամիջոցների արձագանքը: Հարց էր բարձրացվում, թե ո՞ւմ և ի՞նչ սկզբունքով է նախարարությունը վստահել այդ կարևորագույն գործառույթը:  

ԿԳ նախարարությունը չուշացրեց պատասխանը. քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ հերքելով «Չումբո» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն:

«ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ն որևէ ծրագիր չի ստացել, հետևաբար, պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված և հաստատված ծրագիր: 
«Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպման տրամաբանությունից և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

ԿԳՆ-ն նաև պահանջում է տվյալ նախաձեռնող խմբից՝ համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը՝ հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար: