Վայոց Ձորի Զառիթափ համայնքում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով բնակավայրում փողոցային լուսավորության, ճանապարհների ասֆալտապատման, փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ ծրագիրն իրենք իրականացնում են ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունն էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

«Ծրագրի շրջանակում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել ենք Արտավան համայնքի արտաքին լուսավորության համակարգի տեղադրում։ Մեր ծրագրի շրջանակում ոչ միայն արտաքին լուսավորության համակարգ է տեղադրվելու, այլև փորձում ենք զարկ տալ էկոտուրիզմի զարգացման ծրագրին ընդհանրապես։ Դրա շրջանակում իրականացնելու է նաև 3-4 հյուրատնային ծառայություն մատուցող տների վերանորոգման աշխատանքներ, դպրոցում բնապահպանական ակումբ է ստեղծվելու։ Նախատեսում ենք նաև էկոզբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքներ ստեղծել՝ վրանատեղիներ հենց գյուղամիջում, ձիարշավային, քայլարշավային երթուղիներ»,- ընդգծեց Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ Արտավան բնակատեղին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և, քանի որ դրանց մի մասը բացահայտված չէ, ծրագրի շրջանակում նախատեսվում է պատշաճ կերպով տեղեկատվական վահանակներ տեղադրել զբոսաշրջիկների համար։

Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արտավանում լուսավորությունն անցկացվել է 1 կմ տարածքում։

«Մոտ 45 տոկոսով գյուղը լուսավորվել է, ինչը շատ կարևոր է մեր համայնքի համար, քանի որ այն անտառամերձ է։ Պարբերաբար վայրի կենդանիներ են իջնում գյուղ և վնասներ պատճառում։ Լուսավորությունն արդեն կենսական պահանջ էր դարձել, և ես շատ եմ կարևորում այս աշխատանքը»,- ընդգծեց Սիմոն Բաբայանը։

Նրա կարծիքով, 2018 թվականին գյուղի լուսավորությունն ամբողջությամբ կհասցվի 100 տոկոսի։ Զառիթափ համայնքի 9 գյուղերից 7-ն արդեն իսկ լուսավորվել է։

«Արտավանում դեռ մոտ 1,5 կմ ջրագիծ պետք է փոխվի, քանի որ այն ոչ բարվոք վիճակում է գտնվում։ 1960-ականներին կառուցված ջրագծեր են և ամբողջությամբ ենթարկվել են կոռոզիայի, քայքայվել են։ Այժմ արդեն փոխելու գործընթացը սկսվել է, և նորոգում ենք ջրընդունիչները։ Այս տարի ծրագրում ենք կիսատ մնացած ճանապարհները նույնպես վերանորոգել և գյուղամիջում երիտասարդների համար փոքրիկ բիլիարդի ակումբ բացել, թենիսի դաշտ տեղակայել»,- նշեց Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարը։

Արտավանում համայնքի կարիքների առաջնայնության գնահատման արդյունքում բնակիչները առաջնահերթությունը տվել են ճանապարհի բարեկարգմանը, որը գրեթե անանցանելի է սովորական մեքենաների համար։ Արդյունքում միջպետական մայրուղում մինչև գյուղ տանող ճանապարհին՝ մոտ 1600 քմ, կատարվել են ասֆալտապատման, փոսալցման, ճանապարհի հարթեցման աշխատանքներ։ Գյուղամիջյան ճանապարհներին կատարվել են բարեկարգման, հարթեցման և հողալցման աշխատանքներ։ Կատարվել է ջրագծի անցկացում և վերանորոգում։ Աշխատանքների համար ծրագրի կողմից տրամադրվել է 13 մլն ՀՀ դրամ։