2016 թվականի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխհատուցումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

«Ուսման փոխհատուցում ստանալու են ապրիլյան պատերազմի ընթացքում Հայաստանում և Արցախում բոլոր տարածքներում մարտական հերթապահություն իրականացրած անձինք»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Տղաներից 194-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 173-ը՝ Երևանի պետական համալսարանից, 93-ը՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից, 89-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, 43-ը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և այլն։

Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական ԲՈւՀ-երի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ կիսամյակն է, որ 20 տոկոսի չափով փոխհատուցում է ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը։

Ուսումնական վարձերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա։