ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է կոպիտ խախտումներ հոգեբուժարաններում:
 
Այս մասին այսօր` մարտի 21-ին ասաց ինքը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` խոսելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին։
 
Նա նշեց` 2017 թ. արձանագրվել են բժշկական օգնության ոլորտի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված կոպիտ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ:
 
Ըստ Պաշտպանի՝ զեկույցում ներկայացված են այդ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:
 
ՄԻՊ-ի խոսքով՝ խախտվել են հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ֆիզիկական զսպման մեթոդի կիրառման մեթոդները. «Արձանագրված խնդիրներից է այն որ ֆիզիկական անձին հանդարտեցնելու համար կիրառվում է մեխանիկական զսպում: Օրինակ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում կիրառում են մետաղե լարեր, իսկ Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատում` կաշվե գոտիներ: Անհրաժեշտ է հետևողական լինել այս հարցում», - ասաց նա` ավելացնելով, որ ֆիզիկական զսպման համար պետք է հատուկ սենյակ նախատեսված լինի:
 
Արման Թաթոյանը նշեց` հայնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի, ժամկետանց դեղերի բացթողում` մատնանշելով «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին. «Որոշ դեպքերում ժամկետները ջնջված են դեղորայքի վրայից: Օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում որոշ դեղերի վերաբերյալ բուժանձնակազմը տեղյակ չի եղել, ինչը կարող է ազդել մարդու առողջության վրա»,-ասաց Արման Թաթոյանը:
 
Օմբուդսմանն ընդգծեց` պետք է խիստ հետևողական լինել դեղերի պահման պայմաններին:
 
Ի դեպ՝ ամենաշատ խնդիրները հայտնաբերվել են Նուբարաշենի հոգեբուժարանում:
 
Սոնա Հարությունյան