Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստը: Այն սկսվեց լարված մթնոլորտում:

Նշենք, որ գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:  

 

Այսօր հրապարակվեցին «Սասնա Ծռերի» գործով ՊՊԾ գնդից արված մուտքայի և ելքային հեռախոսազրույցների վերծանությունները։

Դատարանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց ու տեղեկացրել, որ հեղափոխությունը սկսված է. «Պավլիկի տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, մենք հրեշտակների գումարտակի մոտ ենք։ Ժողովրդին մոբիլիզացրեք, հանեք փողոց։ Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, ինչքան ծանոթ ունեք՝ տեղեկացրեք, թող դուրս գան փողոց»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է Արամ Մանուկյանը։

Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցներում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի անունները. «Ապեր, մեր տղերքին ասա՝  Նիկոլին չլսեն: Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գլխին խփեք»,- ձայնագրության մեջ ասում է Պավլիկ Մանուկյանը։

Հրապարկվեց նաև Վարուժան Ավետիսյանի և մի կնոջ հեռախոսազրույցը, որտեղ Վարուժան Ավետիսյանն այդ կնոջը տեղեկացնում է, որ ժողովրդին ինֆորմացնի, որ իրենք՝ «Ծռերը», կոչ են անում մնալ և պայքարել. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, Զուրաբյանին ու Նիկոլին թող չլսեն, դրանց գցեն զիբիլի վեդրոն»,- ասում է Ավետիսյանը

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում էին Արտուշ Գաբրիելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։ Սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով այլևս չի պաշտոնավարում, իսկ նոր դատավոր դեռ չի նշանակվել։