ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի օպտիմալացման սուրը հասնում է նաև «Արմենիկում»-ին: Նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննարկելու է «Արմենիկում» կլինիկական կենտրոնին տրվող պետական ֆինանսավորումը դադարեցնելու և կենտրոնը փակելու հարցը: «Արմենիկում»-ի ղեկավարության հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել, բայց հարցը կարծես թե որոշված է: Առողջապահության նախարարությունը շատ կցկտուր մեկնաբանություններ է տալիս, հայտնելով, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է կլինիկայի պահպանման նպատակահարմարությունը։ Եթե այս քայլը դիտարկենք իբրև Ալթունյանի հերթական ապազգային որոշում, ապա ամեն ինչ հասկանալի է. շուտվանից Առողջապահության նախարարից այլ կարգի որոշումներ հանրությունը չի էլ ակնկալում:
 
Սակայն խնդիրն առավել ուշագրավ է դառնում, եթե հիշենք, թե ով է «Արմենիկում»-ի կնքահայրը: Շուրջ երկու տասնամյակ առաջ, երբ երկիրը կանգնած էր լուրջ մարտահրավերների առջև, ներքաղաքական վիճակն ավելի քան անկայուն էր, քաղաքական որոշ խմբեր պահանջում էին այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, Սարգսյանը չէր լինի Սարգսյան, եթե այդ պահին իր պոտենցիալ հրաժարականից հանրության ուշադրությունը շեղող կեղծ օրակարգ չձևավորեր: Պետական հեռուստատեսության եթերից Սարգսյանը հայտնեց դարի հայտնագործության՝ «Արմենիկում»-ի ստեղծման մասին: Այն պահին, իհարկե, քչերն իրենց հարց տվեցին, թե ինչո՞ւ է Պաշտպանության նախարարը զբաղվում այս հարցով, սակայն փաստ է, որ Սերժ Սարգսյանը հասավ իր նպատակին՝ առնվազն այն պահին լուծելով իր խնդիրը:
  
Այսօր Ալթունյանը որոշում է կայացնում փակել Սերժ Սարգսյանի զավակը հանդիսացող հաստատությունը: Իհարկե, Ալթունյանի նախաձեռնությունը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ահա դրանից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ՝ սա հերթական ալթունյանական վայ որոշո՞ւմն էր, թե՞ մեսիջ՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ հեռացող Կարեն Կարապետյանի կողմից: Ի դեպ, նախագահն արդեն իսկ արձագանքել է: Ընդ որում՝ արձագանքը եկել է այնտեղից, որտեղից ամենաքիչն էինք սպասում: Հանկարծ պարզվել է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին մտահոգում են առողջապահության նախարարության կողմից օպտիմալացման հիմնավորմամբ կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհուրդը տոնից տոն է իր մասին հիշեցնում և նման արձագանքը պատահական անվանելը առնվազն միամտություն է: Սարգսյանը Հանրային Խորհրդի միջոցով արդեն իսկ արտահայտեց իր դիրքորոշումը: Այլ հարց է՝ կգնա՞ն Ալթունյանն ու Կարապետյանը վա բանկ: Եթե Ալթունյանը կորցնելու ոչինչ չունի, քանի որ դժվար թե հայտնվի հաջորդ կաբինետում, ապա Կարապետյանը դեռ աշխատելու է Սարգսյանի հետ: Արժե՞ թարսվել…
 
 
Ստելլա Խաչատրյան