Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԵԼՔ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծով ԵԼՔ-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը: Նման զարգացումն անակնկալ անվանել չի կարելի: Այն պահից ի վեր, երբ ՀՀԿ-ն տարակուսելի միասնականություն ցուցաբերեց նախագիծը լիագումար նիստերի օրակարգ բերելու հարցում, հասկանալի էր, որ խորհրդարանական մեծամասնությունն այստեղ իր շահն էր հետապնդում: Շահն էլ ակնհայտ է: Մեկ անգամ ևս օրակարգ բերելով Մարտի 1-ի հարցը, Սերժ Սարգսյանին հաջողվեց որոշ ժամանակով այն փակել: Սարգսյանը և՛ իրեն, և՛ Ռոբերտ Քոչարյանին ազատեց մարտիմեկյան բեռից: Շատերը շտապեցին Մարտի 1-ի էջի վերաբացումը և փակումը դիտարկել իբրև յուրահատուկ ուղերձ՝ հաշվի առնելով այն, որ Մարտի մեկի թեման մշտապես եղել է և կլինի ներհամակարգային հարաբերությունների կիզակետում:

 

Իրականում ամեն ինչ ավելի պարզ է՝ Սարգսյանն ապրիլին ընդառաջ լռեցնում է ընդդիմությանը՝ առնվազն այս հարցում զրկելով մանևրելու հնարավորությունից: Մյուս կողմից՝ տնտեսական-քաղաքական ստատուս-քվոն պահպանվեց նաև Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Ի՞նչ կարող է այս պարագայում անել ԵԼՔ-ը, որն առկա պառակտման ֆոնին ևս մեկ հարված է ստանում, ընդ որում՝ հայտնվելով իր իսկ լարած ծուղակում: ՀՀԿ-ի նման քվեարկությունը տխուր է ԵԼՔ-ի համար, բայց ոչ ԵԼՔ-ից օրեցօր ավելի ու ավելի հեռացող Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանն այսպիսով նոր խաղաքարտեր է ստանում հօգուտ փողոցային պայքարի, քանի որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ խորհրդարանում ընդդիմությանը չի հաջողվում որևէ ծանրակշիռ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

 

Ստելլա Խաչատրյան