ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ֆինանսավորումը և դրա փոխարեն օգնություն ցուցաբերել ՀՀ-ին և Արցախին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Արցախին օգնություն ցուցաբերելու կոչով Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին է դիմել կոնգրեսական Բրեդ Շերմանը.

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարեւանությամբ է գտնվում, եւ որ Վրաստանի Հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախք, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»,-ասել է Բրեդ Շերմանը:

Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով: