Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախահահ Արտակ Շաբոյանն արձանագրում է, որ անցած տարիների ընթացքում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են հայկական շուկա մուտքի խոչընդոտման դեպքեր, որոնք սակայն եղել են ոչ թե հանձնաժողովի իրավասության, այլ տարբեր պետական մարմինների կարգավորման տիրույթում: Արտակ Շաբոյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

«Կարող եմ ասել, որ հատկապես շատ են դեպքերը, երբ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մուտքի խոչընդոտ, սահմանափակումներ են լինում, սակայն դրանք այդքան էլ հանձնաժողովի իրավասության շրջանակներում չեն լինում: Շատ դեպքերում դրանք գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում: Պետական մարմինները, որոնք վարչարարություն են իրականացնում՝ վերահսկողություն, լիցենզավորում, կարգավորում, կարող են իրենց գործունեությամբ մուտքի խոչընդոտներ ստեղծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արտակ Շաբոյանը:

Նա համաձայնեց Միքայել Մելքումյանի պնդման հետ, որ տնտեսական մրցակցության համար ամենակարևորը մուտքի խոչընդոտների վերացումն է, ինչպես նաև շուկայից հեշտությամբ դուրս գալու հնարավորությունների ապահովումը:

Միևնույն ժամանակ, Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ բացահայտել են շուկա մուտքի խոչընդոտների բազմաթիվ դեպքեր, որոնք վերացվել են: «Եթե կունենանք մուտքի խոչընդոտների վերաբերյալ նոր փաստեր, նոր ապացույցներ, մենք հետևողական կլինենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը: