Երևանի ավագանու նիստերի լուսաբանման կարգում կատարվում են փոփոխություններ, որոնք լիովին համապատասխանում են Ազգային ժողովի նիստերը լուսաբանելու կարգին: Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքը շատ ավելի արդյունավետ է, որովհետև այս դահլիճում յուրաքանչյուր անգամ չեն խոչընդոտում լրագրողները: Ես, իհարկե, նկատի չունեմ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտում է օրենսդիրի աշխատանքը, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Եվ այն, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ուղիղ հեռարձակում է ընթանում, լրագրողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել նիստերին, այլ նաև ձայնագրել նիստի ընթացքը: Այսինքն, սա նրանց հնարավորություն է տալիս պատշաճ կերպով իրականացնել իրենց աշխատանքը: Մենք նրանց չենք խոչընդոտում, նրանք՝ մեզ»,- ասաց Հարությունյանը:

 

Նա շեշտեց, որ նույն կարգը, որը գործում է խորհրդարանում, ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի համար: