Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր Տնտեսական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու  հարցը, որով առաջարկվում է, որ ՏՄՊՊՀ-ի ղեկավարն այսուհետ պետք է լինի անկուսակցական, քանի որ, ըստ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի, կուսակցական լինելը կաշկանդում է ՏՄՊՊՀ-ի ղեկավարի պաշտոնում աշխատող պաշտոնյային։
 
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործող նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը հանձնաժողովի անդամին կկաշկանդի, և նա կսկսի կատարել իր կուսակցության պատվերները»,-ասաց ՏՄՊՊՀ-ի երիտասարդ ղեկավարը: 
 
Շաբոյանի այս պնդումը, սակայն, աբսուրդ որակեց Աժ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և նկատեց՝ այն, ինչի մասին այսօր խուսում է Շաբոյանը, իրենք ասել են դեռևս երկու տարի առաջ՝ երբ պնդում էին, որ Հանապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Շաբոյանը չի կարող ՀՀԿ-ի ներսում գործող բիզնեսմենների շահերը արդարացիորեն պաշտպանել։ 
 
«Պարո՛ն Շաբոյան, ուրեմն Դուք այլևս չպիտի լինեք հանձնաժողովի անդամ՝ Ձեր իսկ ներկայացրած պնդումների հիման վրա»,-ասաց  Մարուքյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում ընտրելու են Սահմանադրական դատարանի անդամ, Մարդու իրավունքների պաշտպան, ԲԴԽ անդամ և ըստ Շաբոյանի պնդումների՝ այս բոլոր մարդիկ կաշականդվա՞ծ են լինելու:
 
Թե ինչու է Արտակ Շաբոյանն այսքան տարի անց որոշել խոսել ՏՄՊՊՀ-կուսակցական հարաբերություններ անհամատեղելիության մասին, հարց է, սակայն փաստ է  մի բան, որ օրենքի ընդունումից հետո կամ ՏՄՊՊՀ-ն կազատվի Շաբոյանից, կամ՝ ՀՀԿ-ն։

Հիշեցնենք նաև, որ Շաբոյանի հնարավոր հեռացման մասին գրել էր մամուլը և նշել, որ դրա պատճառն այն է, որ Շաբոյանի ղեկավարած կառույցն իր վրա է կրում իշխանությունների ազդեցությունը։ Նշենք նաև, որ նույն մամուլի հրապարակումների համաձայն՝ Արտակ Շաբոյանը ՏՄՊՊՀ-ի պաշտոնը ստանձնեուց հետո աչքի զարնող ձևով  է հարստացել։ 

 
 
Աղավնի Սուքիասյան