Հայաստանի կառավարությունը հետագայում հանդես կգա Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախաձեռնությամբ և կսահմանի «Ազգային հերոս» բարձրագույն կոչում: Ազգային ժողովում «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Քանի որ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ նախագահը պարգևատրում է պետական պարգևներով և պատվավոր կոչումներով և բարձրագույն պարգևն այլևս սահմանված չէ, մենք օրենքի նախագծում ամրագրել ենք, որ ազգային հերոս կհամարվի այն անձը, ով կպարգևատրվի «Հայրենիքի շքանշանով»: Քննարկումների ընթացքում եկանք համաձայնության, որ «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը մենք առանձին պետք է սահմանենք, բայց հիմա դա չենք կարող անել, քանի որ հակասության մեջ կմտնենք Սահմանադրության հետ: Դրա համար հիմա մենք փոփոխություն չենք արել, սակայն հետագայում հանդես կգանք Սահմանադրության համապատասխան հոդվածում փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ, որից հետո «Ազգային հերոս» բարձրագույն կոչում կսահմանենք նաև օրենքում»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ Սահմանադրության այդ հոդվածում փոփոխությունները կարող են իրականացնել առանց հանրաքվեի: