Օրերս ՀՀ դատախազության կայքում հրապարակվեց՝ «Լոռու մարզի համայնքներում մատչելի գներով պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում հափշտակությունների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են բացահայտվել. ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել» վերնագրով հոդվածը: Այստեղ նշվում է, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այստեղ նշվում է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ: 

 

Սրա վերաբերյալ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել էր՝ «Չկա դատախազական այդպիսի գործառույթ»: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ընդգծեց՝ ուսումնասիրությունները, ստուգումները և այլն՝ դրանք դատախազական գործառույթներ չեն:

«Դա վաղուց ամրագրված է Սահմանադրությամբ: Այդպիսի լիազորություններ դատախազը նախկինում ունեցել է, երբ կար դատախազական գործառույթ, որը կոչվում էր ընդհանուր հսկողություն: Այսօրվա օրենսդրությամբ դատախազը պետական շահերի պաշտպանության հայցը դատարան ներկայացնողն է, այլ ոչ թե պետության պաշտպանը: Ու այդ իմաստով՝ չեմ հասկանում՝ դրանք ինչ ստուգումներ են, ինչ ուսումնասիրություններ են»,- ասաց նա:

Նա նշեց՝ դատախազը պետության փաստաբանն է դատարանում և դա բարձր առաքելություն է. «Իսկ թե ով ում ծառը կտրեց՝ դատախազի բարձր դիրքի հետ համահունչ չէ»,- ասաց նա: