«Սևանից լրացուցիչ ջրառի վտանգավորությունը հերքել չի կարելի: Երբ մենք խոսում էինք լրացուցիչ ջրառի վտանգավորության մասին, մեզ ասում էին՝ սխալ եք: Անցյալ տարի ջրային ռեսուրսները քսան տոկոսով պակաս են եղել, արդյունքում Սևանի մակարդակը 4 սմ-ով իջել է: Մենք անհանգստացած ենք, որ պատկերը կկրկնվի, ինչ-որ առումով առաջընթաց եմ տեսնում, որ շարժական պոմպեր են տեղադրվել, քայլեր են արվում կաթիլային ոռոգման անցնելու, ջրամբարների ցանց ստեղծելու, մեր կարծիքով դա ճիշտ քայլ է, բայց պետք է լինեն ոչ թե խոշոր ջրամբարներ, այլ միջին և փոքր, որովհետև խոշորները վտանգ են ներկայացնում սեյսմիկ առումով»,- այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ 

Նշենք, որ Ջրային պետական կոմիտեն չի բացառել, որ կդիմի Ազգային ժողով՝ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվության համար։

Դանիելյանը նշեց, որ ջրի մակարդակի բարձրացման հետ Սևանում ինքնամաքրման գործընթացներն արագանում են, լիճը սկսում է վերականգնել իր բնականոն գործընթացները և առողջացման ճանապարհն է բռնում. «Սևանում տարեցտարի ֆիքսվում է ջրի որակի լավացում, և հիմա եթե էլի հարվածեն Սևանին, այդ ինքնամաքրման, վերականգնման, առողջացման գործընթացին կրկին վնաս կհասցնեն: Ըստ բանախոսի՝ կլիմայի փոփոխության հետևանքով գյուղատնտեսությունն իրոք խնդիր ունի, լրացուցիչ ջրային պաշարների կա, բայց խնդրի լուծումը այլ կերպ պիտի լինի»:

ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կառավարությունը որոշել է Սևանից հավելյալ ջրառ իրականացնել, Կարինե Դանիելյանը պատասխանեց.

«Մեր իշխանության ներկայացուցիչները սեփական տարածքներ ունեն Սևանի ափին, բնականաբար իրենց ձեռք չի տալիս, որ Սևանը բարձրանա: Ջրի բարձրանալու դեպքում նրանց միլիոնները կանցնեն ջրի տակ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ջրամբարները քիչ են լցված և այս տարի ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, իսկ դա լուծելու համար ոչ թե պետք է ձեռքը գցել Սևանին, այլ պայքարել ջրային կորուստների դեմ: Ուստի այս հարցով պետք է դիմել Սփյուռքին՝ ֆինանսավորելու համար:

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ անբավարր գնահատեց Կռավարության և ջրամբարների աշխտնքը և նշեց, որ ոռոգման համակարգն ու ջուրը իշխանավորներն օգտագործում են հարստանալու համար. «Այս հարցում պետք է բրձրացնել քաղաքացիիների իրազեկվածոթյունը այնպես, որ նրանք ջրագողության դեմ պայքարն, օրինակ, ինչպես հառմեցիները»:

Հովհաննիսյանը անդրադառնալով Ջրօգտագործման ընկերություններին, դրանց անվանեց «ջրի վիշապ», նաև նշեց՝ տարեցտարի ջրի գինը բարձրանում է, իսկ ջուր ավելի քիչ ենք ստանում: