Զուգադիպություն է թե ոչ, սակայն Սերժ Սարգսյանի հավանական վերադարձի մասին ակնարկող հարցազրույցից անմիջապես հետո Պաշտպանության նախարարությունը հրապարակեց Զինված Ուժերի արդիականացման, զարգացման 7-ամյա ծրագիրը: Ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր հպարտությամբ հայտարարում, որ այս ծրագիրը անձամբ ինքն է հեղինակել, հետևաբար ապրիլին ընդառաջ հիմնական դրույթների հրապարակումը ուղղակիորեն պայմանավորված է Սարգսյանի վարչապետական ամբիցիաների լեգիտիմացման անհրաժեշտությամբ: Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսական անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ ան¬վիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ արդիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները «խլանում» են մեկ այլ ձեւակերպման մեջ, որ նա թույլ է տվել բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին խոսքի շրջանակում։«Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 
ՈՒշագրավն այն է, որ Հայաստսսնի նոր Սահմանադրությունը խաղաղ պայմաններում չի ենթադրում գերագույն գլխավոր հրամանատարի առկայություն, եւ այդպիսին կարող է լինել վար-չապետը, այն էլ պատերազմի ընթացքում։ Այդ դեպքում արդյո՞ք Սարգսյանն ակնարկում է այդ մասին։ Հազիվ թե, որովհետեւ, մեղմ ասած, իրատեսական չէ պատկերացնել, որ բանակը պետք է արդիկանացվի պատերազմի ընթացքում։ Որպեսզի այդ ծրագրի պատասխանատուն լինի անձամբ Սերժ Սարգսյանը, նա պետք է շարունակի պաշտոնավարել նաև գալիք ապրիլի 9-ից հետո` արդեն որպես ՀՀ վարչապետ: Դատելով իր և ՀՀԿ-ՀՅԴ-ականների ընդհանուր պահվածքից, նա իսկապես դրժելու է 2014 թվականին ազգին հրապարակայնորեն տված խոստումը՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո չհավակնելու ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոններին:Այս ծրագիրը իրականում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի նախընտրական ծրագրի հիմնական ուղղություններից առաջինն է, երկրորդը «4 մլն-ոց Հայաստանի տեսլականն» է, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մոտ ժամանակներս:
 
Եթե փաստաթուղթը դիտարկենք , իբրև Սերժ Սարգսյան վարչապետի նախընտրական ծրագիր և պրեզենտացիա, ապա ամեն ինչ հասկանալի է, քանի որ ծրագրում առկա որոշակի դրույթներ իրոք հիշեցնում են ՀՀԿ տարբեր տարիների նախընտրական ծրագրերում առկա և բանակի արդիականացմանը վերաբերվող կետեր: Օրինակ՝ «Հայաստանը կընդլայնի ռազմական դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ եւ ՀԱՊԿ շրջանակներում, կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերություններն ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների հետ»:  Համաձայնեք, բավական ընդարձակ մեկնաբանություն է, որից հասկանալի չէ, թե ինչ է ասել արդիականացում և թռիչքաձև զարգացում: Ի հաշիվ ի՞նչի է Սարգսյանը պատրաստվում կյանքի կոչել այս ՝ ինչ խոսք անչափ կարևոր ծրագիրը, եթե փաստաթղթում բացակայում են ֆինանսական աղբյուրները, հասկանալի չէ, թե այս արդիականացումը պետության վրա է ինչ կարժենա, և արդյո՞ք մենք կարող ենք դա մեզ թույլ տալ՝ հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Եթե ծրագրի ֆինանսական ապահովման բազան թերի է կամ չի ներկայացվում, ապա ի՞նչ է սա եթե ոչ բաժակաճառ կամ բարի ցանկությունների ժողովածու:
 
Ստելլա Խաչատրյան