«Սերժ Սարգսյանը շատ լուրջ ներազդեցություն է ունեցել այն համակարգի կայացման գործում, որն այսօր կա, այս համակարգն ունի իր կանոնները, հետևաբար, մեզ համար Հանարապետականում չկա որևէ ցանկալի թեկնածու վարչապետության համար։ Հիմա Կառավարության նոր կառուցվածքի վերաբերյալ օրենքներում փոփոխություններ են արվում, և այն իրավասությունները, որոնք տրվելու են նոր վարչապետին, ավելի վտանգավոր են լինելու, քան ցանկացած անձ։ Վարչապետը լինելու է մի դև»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը;

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փողոցային պայքարին իրենք կմիանան, պատգամավորը պատասխանեց, որ եթե հեղափոխութուն իրականացնելու հարցում միայն իրենք պակասեն, ապա կմիանան, իսկ, առհասարակ, փողոցային պայքարի հարցում իրենք, ի տարբերություն իրենց գործընկերների, բազմաթիվ խնդիրներ են տեսնում․«Նրանց ճանապարհային քարեզին տեղյակ չենք և այս պահի դրությամբ՝ չենք պատրաստվում միանալ, քանի որ բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում»,-ասաց նա՝ կրկնելով, որ պետք է հստակ գիտակցել, թե ում հետ են պայքարում։

 

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ԵԼՔ դաշինքում ընդգրկված կուակցություննեերից երկուսը տեղյակ չեն, թե իրենց երրորդ գործընկեր կուսակցությունն ինչ ճանապարհային քարտեզով է գնում կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Գլոբալ մոտեցումների տարբերություն կար, մենք ի սկզբանե ասել ենք, որ պետք է անձերի դեմ չպայքարել, մենք նույնպես մեր ճանապարհային քարտեզն ենք ներկայացրել, որով ներկայացրել ենք մեր թեկնածուին սատարելու գործընթաց, նույնը նաև առաջարկում էր «Հանրապետություն» կուսակցության ճանապարհային քարտեզը, և հենց այստեղից էլ սկսվել են մեր տարաձայնությունները»,-ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ իրենք բացառում են առանց ինստիտուցիոնալ զարգացման իշխանություն գրավելու ընդդիմության ձգտումը և պնդեց, որ մինչ այժմ ընդդիմությունը գնացել է նման սխալ ճանապարհով, որի արդյունքում վերջնական արդյունք չի արձանագրել։