Կարեն Կարապետյանը ապացուցել է, որ կարող է լինել լիդեր։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում պնդել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը վարչապետ Կարեն Կարապետյանի կադրն է համարվում: Կառավարության ներկայացուցիչը խուսափել է մեկ պատճառ նշել, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելը անհրաժեշտություն է:

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն ավարտում է պաշտոնավարման երկրորդ ժամկետը, կառավարությունը ներկայացնելու է հրաժարական՝ ըստ Սահմանադրության, նշանակվելու է նոր վարչապետ ու կառավարություն: Գրեթե բոլորը համոզված են, որ նոր վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու է Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը լինելու է առաջին փոխվարչապետ, եւ հենց նրա համար են սահմանել այդ կարգավիճակը: Մինչ օրս Կարապետյանն իր ապագայի վերաբերյալ քաղաքական հայտարարությամբ հանդես չի եկել: Սահմանափակվել է  ապրիլից հետո վարչապետի պաշտոնում աշխատանքները շարունակելու պատրաստակամություն հայտնելով, չներկայացնելով քաղաքական օրակարգ, չհնչեցնելով անգամ քաղաքական տեքստ: Փոխարենն այդ բացը լրացնում է Կարապետյանի թիմակիցը համարվող Գյուղատնտեսության նախարարը:

 

Սա ենթադրում է, որ Կարապետյանն այդքան էլ համամիտ չէ Սարգսյանի անփոխարինելիության գաղափարի հետ, սակայն կամ չի ցանկանում, կամ էլ չունի համապատասխան ռեսուրս՝  գործնական քայլերի դիմելու համար: Ո՞ր տարբերակը կընտրվի: Կհանձնվի՞ Կարեն Կարապետյանը: Իսկ հանձնվելուց հետո կգնա՞ առաջին փոխվարչապետի պաշտոնին: Թեեւ գուցե նրա դեմքն էլ իր հերթին կփրկի Սերժ Սարգսյանը՝ նրան հրապարակավ խնդրելով, որ մնա առաջին փոխվարչապետի պաշտոնում եւ շարունակի իր մեծ լուման ներդնել տնտեսական ցուցանիշների բարելավման գործում: Այդպես, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը թերեւս փոխադարձաբար կբավարարեն միմյանց խնդրանքները:

 

Ստելլա Խաչատրյան