«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրությունը Հայաստա

նում ունի հրատապ կատարելագործման կարիք, ինչի համար տարբեր ՀԿ-ների և օրենսդիրի միջև սկսվել են քննարկումներ:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը բավարար չէ, անհրաժեշտ են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Մենք, օրինակ, մոնիթորինգի ենթարկեցինք դպրոցները և ակնհայտ դաձավ, որ ֆիզիկական կուլտուրա առարկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար պարզապես անհնար է կազմակերպել և տարիներ շարունակ իրենց ներառական դպրոց հռչակած դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզկուլտուրայի դասերն ազատ էին, թեև պետք է լիներ հակառակը: Ահա մի առանցքային խնդիր, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր»,-ասաց Աբրահամյանը: 

Վերջինիս խոսքով՝ ահավոր վիճակում է Երևանի՝ թվով 28 դպրոց, թեև նրանք համարվում են ներառական դպրոցներ. «Այս հարցով դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան և մինչ այս պահը որևէ դրական տեղաշարժ չի կատարվել, մինչև հիմա հարցը քննարկման մեջ է, Երևանի քաղաքապետարանից մենք անհասկանալի պատասխան ենք լսում»,-ասաց Աբրահամյանը:

ԼՈւՐԵՐ.com-ը «Փյունիկ» միության նախագահից հետաքրքվեց՝ արդյո՞ք Կառավարության ներկայացրած  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2018-2021  թվականների ծրագիրը լուծելու է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: «Կառավարությունն իր այս ծրագրում մեծ տեղ է հատկացնում այն միջոցառումներին, որոնք լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջում, սակայն բոլորիս էլ պարզ է, որ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների՝ հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող  քաղաքացիներին ինտեգրել հասարակությանը: Օրինակ՝ ես մինչ այժմ չեն հասկանում, թե հաշմանդամային սպորտի զարգացան համար  Սպորտի նախարարության որ մի խելացի պաշտոնյան է որոշել հատկացնել ընդամենը երեք միլիոն դրամ: Այս գումարով նվազագույնն անգամ հնարավոր չէ իրականացնել: Հնարավոր չէ առանց ներդնելու հաջողություն ակնկալել, սպորտը նաև բիզնես է. պետք է. փող ներդնել, որպեսզի կարողանան մեդալներ բերել».-ասաց Աբրահամյանը: 

 

Հակոբ Աբրրահամյանի խոսքով՝  օրենքով նախատեսված կետերը չպահպանողին կարելի է ստիպել և պարտադրել օրենքի կիրառումը միայն ու միայն բարձր տուգանքների միջոցով՝ այն, ինչն անում  են աշխարհի զարգացած երկրներում. «Ամրագոտիների հարցը մի գիշերում լուծեցիք, հիմա նույնը կարելի է անել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար: Պետք է տուգանել, որ օրենքը չխախտեն»,-ասաց Աբրահամյանը: