Ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Նրա խոսքով' մարտի 29-31-ին Երեւանում կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսում փակ ցուցադրությամբ կցուցադրվեն նշված մշակումներն ու լուծումները: «Ներկայացված են լինելու ամենավերջին մշակումները: Մի շարք նմուշներ, որոնք մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինի նաեւ բաց մասում»,-ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե հայկական քանի ընկերությունների հետ են ներկայում համագործակցում, Դավիթ Փախչանյանը նշեց, որ թիվն անցնում են մի քանի տասնյակից: «Մասնավորապես, 34 ընկերություն, որոնք բոլորն են ներկայացված լինելու ցուցահանդեսում»,-հավելեց նա:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով ներկայացված կլինեն, Հայաստանից բացի, ևս 14 երկրի 30 ընկերություն: