«Շիրակ կենտրոնը» իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես վագոն-տնակներում բնակվող անօթեւանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության եւ նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին: Մեր դիտարկումներով, բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի երեւույթ եւս' ավելանում է արտագնա աշխատանքի մեկնող կանանց ու աղջիկների թիվը:

Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման եւ տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրիի անմիջական հարեւանությամբ գտնվող Շիրակ գյուղ: Ներկայացվող տեսանյութը 88-ի երկրաշարժից անմիջապես հետո Բաքվի ջարդերից մազապուրզ եղած եւ Շիրակի մարզի Շիրակ գյուղում ապաստանած, իր երկու զավակների հետ տնակում բնակվող միայնակ մայր Յանա Համբարձումյանի դժվար ապրելակերպի մասին է: