«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Հերթական չարաշահումներն են հայտնաբերվել նախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում:

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից։ Ընդ որում, առաջին անգամը չէ, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվում:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարվա հունվարին էլ տեղեկացրել էր, որ այդ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել:

Ու հիմա, փաստորեն, այսքանից հետո նույն ՊՈԱԿ-ում չարաշահումները շարունակվել են: Այս ամենի համար առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում նախարար Արտեմ Ասատրյանը, ինչը ենթադրում է առնվազն հրաժարական: Մինչդեռ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել, ասես այս ամենն իր հետ առնչություն չունի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: