ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական մաքսատուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով սահմանվում է խոշոր եղջերավոր անասունի և ձիազգիների ընտանիքի կենդանիների չմշակված կաշվի արտահանման պետական մաքսատուրք: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ խոշոր եղջերավոր անասունի և ձիազգիների ընտանիքի ինչպես մազածածկույթով, այնպես էլ առանց դրա կենդանիների չմշակված կաշվի արտահանման մաքսատուրքը կկազմի 1 կգ-ի համար բազային մաքսատուրքի 0,25-ապատիկը: Ոչխարների ու գառների մորթու արտահանման համար առաջարկվում է սահմանել 1 հատի բազային մաքսատուրքի 0,25-ապատիկը: «Միջոցառումը չի տարածվի ԵԱՏՄ երկրներ մատակարարվող ապրանքների վրա: Օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի թեթև արդյունաբերության ճյուղի և տեղական արտադրության հումքային բազայի ու խթանման անհրաժեշտությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց փոխնախարարը:

Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանում չկան ընկերություններ, որոնք զբաղվում են կաշեգործությամբ արտադրական մասշտաբներով: Դրա փոխարեն մեծ քանակությամբ կաշվի արտադրանք է ներմուծվում այլ երկրներից, հիմնականում Թուրքիայից, որտեղ նույնպես աճի միտումներ են նկատվում, իսկ հանրապետությունից դուրս է բերվում մեծ քանակությամբ չմշակված խոշոր եղջերավոր անասուն կաշի: «Կաշվե իրերի արտադրության համար անհրաժեշտ հումքը Հայաստանից արտահանվում է, իսկ մշակումից հետո թանկ գնով դրանից պատրաստված արտադրանքը դարձյալ Հայաստան է վերադառնում»,- նկատեց Տիգրան Խաչատրյանը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջնային հումքի արտահանման սահմանափակման դեպքում, ներքին շուկայի հումքի ծավալի 1 տոկոսով կրճատումը ու դրա հասանելիության բարձրացումը համապատասխան քանակություն և որակ ապահովելու միջոցով կաշվի ու կոշիկի արտադրությունը կմեծացնի մոտ 16,1 տոկոսով, կոշիկի արտադրության շահույթը՝ 29,7 տոկոսով, իսկ տվյալ ճյուղից պետական բյուջեի եկամուտները՝ 5,9 տոկոսով: Հայաստանում հումքի առկայության պայմաններում կրկին գործարկվում են կաշեգործական ընկերությունները, որոնց վերագործարկումը կստեղծի 300–350 նոր աշխատատեղեր: «Այս պահին Հայաստանի կառավարությունը ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում ներմուծման փոխարինմանը նպաստելու համար, այդ թվում՝ Թուրքիայի ներմուծվող ապրանքների»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: