Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այսօր տեղի է ունենում Խաչելության կարգ: Խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծ' նրանց միջեւ: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի' Գեթսեմանի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի' ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ եւ սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը' յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ երգվում է«Փառք ի բարձունս», որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՜ռք Աստծուն' բարձունքներում, երկրի վրա' խաղաղությո՜ւն, եւ հաճությո՜ւն մարդկանց մեջ»: Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը եւ փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով' Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:

Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի գլխին փշե պսակ են դնում, ծաղրում, անարգում, ապա խաչում, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տալիս ու մեռնելուց հետո էլ տեգով խոցում: Քրիստոսն այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց'մարդկության փրկության և մեղքերի քավության համար: