Հանրապետությունում տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար մեկնարկած սուբսիդավորման ծրագրին մասնակցելու համար գյուղացիներն արդեն սկսել են դիմել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով' ծրագիրը կիրականացվի Հանրապետության ողջ տարածքում:«Վարկերը գյուղացիներին կտրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով' 7 տարի ժամկետով: Այն մարդիկ, ովքեր կօգտվեն ծրագրից, իրենց այգիներն ու բերքը հարյուր տոկոսով կպաշտպանեն»,-ասաց փոխնախարարը, վստահեցնելով, որ կարկտապաշտպան ցանցերն այգիները պաշտպանելու միակ երաշխիքն են:

Ծրագրի մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նշելով, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին 2018 թվականին կտրամադրի 700 մլն դրամի վարկային միջոց՝ սուբսիդավորելով այն:

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը: Ծրագրի արդյունքում կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսվարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար:

Ներկայում հակակարկտային կա­յանք­ներով պաշտպանված է ՀՀ-ում մշակվող տարածքների շուրջ 8 տոկոսը: Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի բացակայության պայման­ներում կարկտա­հարությունների դեպքում երաշխավորված բերքի ու տնտեսավարող­ների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը:

Հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածք­ներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետու­թյունը կազմում է գրեթե 100 տոկոս: