ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մեկնարկել է #ԻմՔայլը արշավը Գյումրու Վարդանանց հրապարակից։ «14 օրերի ընթացքում մենք միասին շուրջ 200 կմ ճանապարհը կանցնենք միայն քայլելով, կկատարենք շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի»,- ասվում է Փաշինյանի տարածած հայտարարության մեջ:

Թե ինչպես է ԻմՔայլ նախաձեռնությունը, համանուն երգը ՝ իր տեսահոլովակով և 14 օրյա քայլարշավը նպաստելու Փաշինյանի քաղաքական իղձերի իրականացմանը դեռ հայտնի չէ: Նախկինում էլ ՔՊ-ն հանդես է եկել նման մարտավարությամբ, մասնավորապես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսահոլովակ թողարկելով, կտուրից-կտուր ցատկելով՝ ծախսած էներգիային հավասարազոր արդյունք սակայն ԵԼՔ–ը և Փաշինյանը այն ժամանակ չարձանագրեցին:

 

Այժմ ԵԼՔ-ից խռոված Փաշինյանը նույն տրորված արահետով է գնում: Իսկ թե ինչի է ընդհանրապես նա բռնել այդ արահետը այլ հարց է: Բանն այն է, որ ԵԼՔ-ում չկան լուրջ մարտավարական հակասություններ, ԵԼՔ-ում ընդհամենը հակասություններ են կապված՝ դաշինքում յուրաքանչյուր լիդերի զբաղեցրած դիրքի հետ: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ ԵԼՔ-ի վարկանիշի առանցքում հենց Նիկոլ Փաշինյանի անհատական վարկանիշն է, որը ոչ այնքան ռեալ հիմք ունեցող, որքան պոպուլիստական վարկանիշ է: Ի տարբերություն ԵԼՔ-ի մյուս լիդերների, ովքեր կարծես թե բավարարված են ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններով և չունեն առանձնակի վարկանիշ, Փաշինյանը այդ վարկանիշը ունի, հետևաբար ունի նաև այն պահպանելու խնդիր:

Իսկ պոպուլիստական վարկանիշը պահպանելու համար ՔՊ ղեկավարին այլ ճանապարհ չի մնում, քան գնալ փողոց, հակառակ դեպքում՝ փողոցը Նիկոլից երես կթեքի: Միևնույն ժամանակ, թե՛ ԵԼՔ-ում, թե՛ ՔՊ-ում հասկանում են, որ տեսահոլովակ նկարահանելով, երգելով և քայլարշավով ՀՀԿ վերարտադրության դեմ պայքարելը առավել քան զավեշտալի է: Մի պարագայում, երբ Սերժ Սարգսյանը տիրապետում է այն բոլոր գործիքներին, որոնք թույլ կտան ջարդել անգամ լուրջ քաղաքական ընդդիմության ողնաշարը: Էպոտաժային պայքարի ճանապարհը բռնած Փաշինյանը փաստացի այդպես էլ չկարողացավ հանրությանը քաղաքական օրակարգ առաջարկել, իսկ ընդդիմության միավորման, կոնսենսուսի, համատեղ պայքարի մասին երազող հանրությունը ստացավ հերթական շոուն:

 

Ստելլա Խաչատրյան