Ապրիլյան պատերազմից երկու տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակում են իրենց քննության հերթին սպասել ադրբեջանական ռազմական հանցագործությունների հետ կապված քրեական գործերը։

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանցագործությունների հետ կապված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ուղարկելը Հայաստանի կողմից ճիշտ քայլ էր, սակայն դրա հետ զուգահեռ պետք էր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել, ինչը չի արվել։ Մենք կազմել ենք բոլոր դիմումները, դա ուղարկված է ՄԻԵԴ։ Այս երեխաների գործով պատասխանը ընդունվել է, թե ոչ, դեռ չունենք, իսկ մնացած զոհերի և տուժածների գործով զբաղվել են այլ փաստաբաններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Զորավանում սպանված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ գործն իր ղեկավարած ՀԿ-ն է վարում։

 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա քաղաքական այլ ճնշման գործիքներ կիրառել՝ միջազգային հանրությանն առավել ակնհայտ կերպով ադրբեջանական հանցագործությունները ցույց տալու և դրանց հետագա կրկնությունը կանխելու համար։

«Քաղաքական ճնշումն այլ հարթակների վրա, այլ սուբյեկտների կողմից պետք էր ավելին լիներ։ Համոզված եմ, որ Հայաստանը, որպես պետություն՝ պետք է դիմեր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ի վերջո ներկայացներ այն, ինչը տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դա չի արվել, տարբեր պատճառաբանություններ են բերվում, այնինչ Ադրբեջանը ապրիլի 7-ի նույն Ապրիլյան պատերազմի դրվագներով տվել է, որ Հայաստանն է ամեն ինչը նախաձեռնել, խախտել»,- նշեց նա։

Խոսելով Ապրիլյան պատերազմից 2 տարի անց արձանագրված փոփոխությունների մասին՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց․ «Ուզում եմ մեկ փաստի վրա կանգ առնել։ Բակո Սահակյանի հրավերը Վաշինգտոն՝ ինձ համար մի նոր ազդակ է։ Դա խոսում է նրա մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ և դրանից պետք է օգտվել այնքան, որքան կարող ենք, մի բան էլ ավելի»։