Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե որքանով են իր ղեկավարած գերատեսչության հրապարակած ցուցանիշները փոխկապակցված քաղաքական զարգացումների հետ: Վերջին շրջանում ԱՎԾ վիճակագրությունը փաստում է, որ երկրում նախատեսվածից ավելի տնտեսական աճ է արձանագրվում, էապես աճել են տարբեր ոլորտների ցուցանիշները: Մասնագետներն այս թվերն արժանահավատ չեն համարում՝ ԱՎԾ-ին մեղադրելով «նկարչության» և քաղաքական պատվեր կատարելու մեջ:

Պարզվում է՝ Ստեփան Մնացականյանը ինքն էլ հաճախ զարմանում է որոշ գերատեսչությունների տրամադրած ցուցանիշների վրա: Դրանք ճշգրտում են, թերացումներ են հայտնաբերում: Մնացականյանը կարծիք է արտահայտել նաև այն արատավոր երևույթի մասին, որ մեկ ապրանքի անվան տակ այլ ապրանք է ներմուծվում: Նա չի հերքում, որ նման դեպքեր կան: Չհերքել նման դեպքերը՝ նշանակում է ուղղակիորեն մեղադրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին մաքսային հանցագործության կամ առնվազն այդ հանցագործության վրա աչք փակելու մեջ: Ինչպես երևում է՝ այս երկու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են իրենց ապահովագրել՝ քաջ հասկանալով, որ առկա տնտեսական զարգացման մասին միֆը վաղ թե ուշ պայթելու է, և այն պատկան մարմինները, որոնց մատը խառն էր նման աճպարարության մեջ, հայտնվելու են քննադատությունների կիզակետում: Դա է պատճառը, որ Մնացականյան-Ստեփանյան զույգն այժմ զբաղված է պարզ «բոչկա գլորելով»:

 

Իրականում, եթե ԱՎԾ ղեկավարի խոսքերի մեջ ճշմարտության կա, իսկ այդ հայտարարությունը հեռու չէ իրականությունից, ապա դա հաղորդում է հանցագործության մասին, չէ՞ որ նա ակնարկում է, որ Հայաստան մեկ ապրանքի անվան տակ մեկ այլ ապրանք է ներկրվում: Բայց Մնացականյանը չի կոնկրետացնում, թե հատկապես որ ապրանքների մասին է խոսքը: Թողնում է, որպեսզի ՊԵԿ-ի՞ց հանրությանը պարզաբանեն: ՊԵԿ-ում չեն շտապում մեկնաբանել ԱՎԾ պետի հայտարարությունը, ենթադրելով, որ հանրությունը, չհավատալով ԱՎԾ թվերին, չի հավատա նաև մեղադրանքներին: Մինչդեռ հանրությունն առանձնապես մեծ վստահություն չի տածում նաև ՊԵԿ-ի հանդեպ: Բարեփոխումների ցիկլը, որը սկսվել է ՊԵԿ-ում և որի ավարտը չի երևում՝ ոչ մի կերպ չի նպաստել կոռուպցիոն դեպքերի կրճատմանը: Մինչ պատկան մարմինները փորձում են մեկը մյուսի վրա սլաքները ուղղել՝ շարքային քաղաքացին սպասում է, թե երբ է տնտեսության զարգացումը զգացվելու նաև իր մաշկի վրա...