Երևանում Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» հարակից տարածքում և տրանսպորտային թունելում կկառուցի անձրևաջրերի հեռացման նոր համակարգ: Նախագծի արժեքը 90 մլն ՀՀ դրամ է, կապալառուն «Էմօշին» ՍՊԸ-ն է: Ընկերությունից մանրամասնում են, որ տարածքում նման համակարգ կա, մասնավորապես, թունելում: Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հորդ անձրևների ժամանակ այն ի վիճակի չէ հընթացս հեռացնել առաջացող անձրևաջրերը: Դրանց կուտակումներն այստեղ հետևանք են ոչ միայն նույն Մաշտոցի պողոտայից հավաքվող ջրերի, այլև ավելի բարձրադիր՝ Սարյան ու Պարոնյան փողոցներից սրընթաց իջնող հոսքերի:
 
Կարծես թե քաղաքապետարանը և «Վեոլիա Ջուր»-ն առաջին անգամ համաձայնության են եկել և որոշել են գործը գլուխ բերել, բայց՝ ինչպես ասում են՝ ցանկանում էին լավ անել, ստացվեց՝ ինչպես միշտ: Շինարարական աշխատանքների սկզբից ի վեր՝ կապալառու ընկերությունը գոնե աշխատանքի իմիտացիա անելու նպատակով չի բարեհաճել մեկ մետր առաջ գնալ նախանշված ծրագրի իրականացման նպատակով: Թեև ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն էր հայտնել, որ աշխատանքները կավարտվեն սեղմ ժամկետներում, կարծես թե ո՛չ «Վեոլիան», ոչ էլ, առավել ևս, կապալառու ընկերությունը, ով հանձն է առել կառուցել ջրահեռացման համակարգը՝ չեն շտապում կատարել Մարգարյանի հանձնարարականը: Փոխարենը՝ երևանցիների համար նոր գլխացավանք է առաջացել, արդեն իսկ գոյություն ունեցող անհարմարություններին ևս մեկն է գումարվել: Խնդիրն այստեղ համակարգային է:
 
Խնդիրը նրանում է, որ զրոյական է վերահսկողությունը, արդյունքում՝ կապալառուն աշխատում է ժողովրդական լեզվով ասած՝ երբ հավեսը կտա, ինքն է որոշում երբ սկսել ու ավարտել աշխատանքը և, մեղմ ասած, թքած ունի, թե այդ դանդաղկոտությունը և ստանձնած պարտականությունների թերի կատարումն ինչպես են անդրադառնում մայրաքաղաքի բնակիչների առօրյայի վրա: Եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ, ապա համեմատությունը բնավ էլ հայրենի իշխանությունների օգտին չի ստացվի: Չինաստանի մայրաքաղաքում մեկ ամսում նոր թաղամաս են կառուցել, իսկ նոր կամուրջ կառուցելու համար նույն չինացիները ծախսել են ընդամենը 43 րոպե: Մինչդեռ մեզ մոտ ցանկացած շինարարական աշխատանք ուղեկցվում է տոտալ ամենաթողությամբ: Արդյունքում՝ որքան էլ բառախաղի չնմանվի՝ արդյունքը ձգձգվում է տարիներով: Նույն իրավիճակն այժմ Երևանում է. փաստորեն՝ քաղաքապետարանի գրեթե քթի տակ՝ մոտ 200 մետր տարածք փորելու համար, կապալառուին ամիսներ են անհրաժեշտ: 
 
Ստելլա Խաչատրյան