Այն, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունում կռիվ է ընկել, իսկ կռիվների մեծ մասի հետևանքը լինում է բաժանումը, հայտնի է բոլորիս։ 

Այն, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունում կատարվող տարօրինակ և ոչ դաշինքային տրամադրությունները ելքականները հնարավոր բոլոր տարբերակներով այսքան ժամանակ փորձում էին թացնել, նույնպես բացահայտում չէր։

 

Սակայն, ինչպես շատ դեպքերում, նրանց նույնպես, չհաջողվեց երկար թաքցնել այն, ինչը պայթելու էր, և այդպես էլ անկատար մնաց կեղտոտ սպիտակեղենը երկար թաքցնել ԵԼՔ-ի ձգտումը։ 

ԵԼՔ-ում տեղի ունեցած պոռթկումը, միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, սակայն,  պարզվում է, բավարար չէին։

Միմյանց մեղադրելուց զատ՝ հիմա էլ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները որոշել են մեղադրել իրենց մշտապես հետևող, արտահայտվելու համար մշտապես հարթակ տրամադրող «Ազատություն» ռադիոկայանին. նախ պատգամավոր Մանե Թանդիլյանը լրատվամիջոցին համարեց սենսացիոն վերնագրեր փորձարկող, որին  հաջորդեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության․

«Քիչ առաջ լսում էի մեր կողմից շատ հարգված «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան ծրագիրը։ Վերջին օրերի ռադիոկայանի մեր իրականցրած մոնիթորինգը ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ Ռադիոկայանն իր առջև խնդիր է դրել արձանագրելու, որ ԵԼՔ դաշինքը քանդվել կամ լուծարվել է։ Օրական քառասունյոթ անգամ զանգում են մեզ ու հարցնում, թե արդյոք ԵԼՔ դաշինքը քանդվել է, ասում ենք՝ ոչ, չի քանդվել, երկու հատ ուրիշ հարց են տալիս ու նորից երրոդ հարցում ասում՝ բայց ԵԼՔ դաշինքը քանդվել է՞։ Նույն բանն էլ անում են ԵԼՔ դաշինքի մյուս անդամների հարցազրույցների ժամանակ։ Ավելին, վերջին օրերին ակնհայտ նկատվում է մեր խոսքը, իմ հոդվածի դրույթները խեղաթյուրելով մեր մյուս գործընկերներին փոխանցելու և նրանց խոսքը սեփական հայեցողությամբ խմբագրված մեզ փոխանցելու շատ տհաճ պրակտիկա։ Այս հարցազրույցում, Մանե Թանդիլյանն իր ծննդյան օրը բարդ բանավեճի էր բռնվել և բնականաբար այդ բանավեճում բարձր նշաձող սահմանեց»։

Աղավնի Սուքիասյան