Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում փայլուն կկատարի իր աշխատանքը: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Արմեն Սարգսյանի լիազորությունները սահմանափակ են' նշելով, որ դրանք խորհրդարանական երկրի նախագահի լիազորություններ են: «Մենք համոզված ենք, որ Արմեն Սարգսյանն այդ լիազորությունների շրջանակներում փայլուն կկատարի իր գործը և կլինի մեր երկրի ու ժողովրդի նախագահը, որովհետև ունի լավ անցյալ, դիվանագիտական փորձառություն, ապաքաղաքական անձ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց Բաղդասարյանը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվեց' ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով: