Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բոլոր տարածաշրջանային հակամարտություններն ի վերջո կարգավորվում են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունը ականատես է եղել ոչ պակաս դաժան և դրամատիկ հակամարտությունների:

Արդեն ավելի քան 25 տարի այս հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ կարգավորման այն սկզբունքների ու տարրերի հիման վրա, որոնք առաջարկել են համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Ռուսաստանն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է նա:

Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ 23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում հնարավոր եղավ հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: «Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը՝ հասնելու խնդրի խաղաղ քաղաքական կարգավորմանը: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ հասնելու խաղաղության ու համաձայնության: Իր կողմից Հայաստանն անում է ամեն բան խաղաղության հասնելու համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը վարվի նույն կերպ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: