Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հայկական հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկն է համարում երիտասարդության տրամադրվածությունը: Մասնավորապես նա կարևորում է այն, թե որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված երկրի զարգացումներին մասնակցությանը, որքանով են նրանք պահանջված: Այս մասին նախագահը խոսել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Չէ որ բնակչության, նախ և առաջ երիտասարդության արտագաղթը կանգնեցնել կարող ենք միայն ստեղծելով երիտասարդների համար ինքնաիրացման, պետականաշինությանը, հասարակության կյանքում նրանց լիիրավ մասնակցության համար պայմաններ, տալով հնարավորություն ասել իրենց խոսքը գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի մեջ՝ ամենուր, որտեղ նրանք հնարավոր են և ցանկանում են ունենալ իրենց լուման»,- նշել է Սարգսյանը:

Նա ուրախալի փաստ է համարել այն, որ Հայաստանում կան երիտասարդների՝ նորարարական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթության ինովացիոն ձևերում ակտիվ ներգրավման մի քանի շատ հաջողված օրինակներ: Որպես այդպիսին նա նշել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Սինոփսիս Արմենիա» ՏՏ ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցները և համալսարանները:

«Համոզված եմ, որ այդ միտումը պետք է հետևողականորեն զարգացնել:

Ի դեպ, մենք Հայաստանում ձգտում ենք գրավիչ դարձնել անգամ զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարությունն աշխատում է կրեատիվ ծրագրերի իրականացման վրա, որոնք կխթանեն ծառայությունը բանակում՝ զուգակցված համալսարանական կրթությամբ և հիմնավոր սոցիալական երաշխիքներով»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը: